Անթալիայում ավարտվեց ծանրամարտի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի հերթական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող ծանրորդների մասնակցությունը տխուր էր ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով: Սակայն եկեք բոլոր դեպքերում զինակցենք լավատեսությանն ու հուսանք, որ, այնուամենայնիվ, Լոնդոնի օլիմպիական խաղերն ավելի նպաստավոր կլինեն մեզ համար: Ինչ վերաբերում է ՌԴ կազմում հանդես եկած Դավիթ Բեջանյանի ելույթին, մարզիկը չմոռացավ ո՛չ իր ներկայացրած երկիրը, ո՛չ էլ մեզ, և սա հայերիս համար առաջնության միակ լուսավոր կետն էր, եթե բացառենք Հայկ Հակոբյանի փոքր արծաթը: Սակայն եկեք հավատարիմ մնանք առաջնությունը ներկայացնելու մեր որդեգրած սկզբունքին ու գնանք իրադարձությունների ծավալման բնականոն ճանապարհով:
ՌՈՒՍ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱԿՈՐԴԸ
Մրցակիցներին Ռուսաստանի կանանց հավաքականը վերջին մեծահոգի զիջումն արեց 63 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ Սիբել Սիմսեկը հաղթեց ակնհայտ գերազանցությամբ` երկամարտում ցույց տալով 225 (100+125) կիլոգրամ արդյունք: Թուրք մարզուհուն հաղթանակ բերեցին առաջին իսկ մոտեցումները: Երկրորդն այստեղ հունգարուհի Նիկոլետա Նագին էր` երկամարտի 210 կիլոգրամով: Արծաթե մեդալի համար պայքարում նրան ընդամենը մեկ կիլոգրամով զիջեց մեկ այլ թուրք ծանրորդուհի` տասնութամյա Նեսլիհան Օկումուսը:
Համաձայն տրամաբանության բոլոր կանոնների, 69 կիլոգրամ քաշային կարգում պայքարը պիտի ընթանար երկու ռուսների` Օքսանա Սլիվենկոյի ու եվրոպական մրցահարթակում նորամուտը նշող Վիկտորյա Սավենկոյի միջև, ով անհամեմատ ուժեղ է պոկում վարժությունում: Ցավոք, նա արդյունավետ օգտագործեց լոկ առաջին մոտեցումը` այդպես էլ հնարավորություն չստանալով առաջ պոկվելու Եվրոպայի քառակի չեմպիոնից ու առաջնությանը հաղորդելու լրացուցիչ դրամատիզմ: Սավենկոյի հարաբերական անհաջողությունը մարզիչներին ստիպեց անհամեմատ զգուշավոր լինել երկրորդ վարժությունում: ՈՒ մինչ այստեղ նա բավարարվեց 137 կիլոգրամ կշռող ծանրաձողը սանձահարելով` իրեն ընձեռված հնարավորությունը պարզապես փայլուն օգտագործեց ռումինացի Ռոքսանա Կոկոշը` կարողանալով վերացնել պոկում վարժությունից հետո հինգ կիլոգրամի տարբերությունն ու, անձնական ավելի թեթև քաշի շնորհիվ, արժանանալ մեծ արծաթե մեդալի: Երկամարտում նրանց վեց կիլոգրամով գերազանցեց Օքսանա Սլիվենկոն (258=115+143)` դառնալով աշխարհամասի արդեն հնգակի չեմպիոն:
Ռուս ծանրորդուհիների առավելությունն ակնհայտ էր նաև հաջորդ երկու քաշային կարգերում: 75-ում տասնիննամյա Օլգա Զուբովան երկամարտում հինգ կիլոգրամով շրջանցեց իսպանուհի Լիդիա Վալենտինին ու 265 (115+150) կիլոգրամ արդյունքով շահեց առաջնությունը: Անձնական ավելի թեթև քաշի շնորհիվ թուրք Հաթիկե Յլմազը դարձավ առաջնության երրորդ մրցանակակիր, սակայն նրան մեդալ բերած 223-ը չափազանց միջին կարգի արդյունք է` ավելի մեծ հավակնություններ ունենալու համար:
Գերծանր քաշային կարգում չեմպիոնության հարցը միանգամից ու առանց լուրջ մրցակցության լուծեց Տատյանա Կաշիրինան (328=145+183): Նրա առաջին իսկ մոտեցումներն արդեն ոսկեբեր էին, և երկրորդ-երրորդ մոտեցումներով մարզուհին փորձում էր լուծել ընդամենն աշխարհի ռեկորդները թարմացնելու խնդիր (ի դեպ, երկամարտի 328-ն աշխարհի ռեկորդի կրկնությունն է): Սակայն ռուսները ռուս չէին լինի, եթե ընդամենը քսանմեկամյա այս հզոր մարզուհուն փոխարինողի մասին մտածած չլինեին: Յուլյա Կոնովալովան ցույց տվեց, որ ցանկացած պահի պատրաստ է էստաֆետն ընդունելու: Ակնհայտ է, որ երկամարտում նրա արձանագրած 274-ը (121+153) բնավ էլ այս աղջկա ուժերի սահմանագիծը չէ, և, ի դեմս նրա, աշխարհը ձեռք է բերել չափազանց խոստումնալից մարզուհու: Ինչ վերաբերում է ուկրաինուհի Յուլյա Դովհալին (273=123+150), ծանրորդուհին Ադրբեջանին պատվո պատվանդանին ցուցանելու հերթական առիթը բաց չթողեց` այդ երկրի նվաճած մեդալների թիվը հասցնելով… Սակայն ի՞նչ կարևոր է թվերի կոնկրետությունը, երբ Ադրբեջանը բուլղարա-ուկրաինական իր ձեռքբերումներով առաջնությունում դարձավ երկրորդը` առաջ անցնելով նաև իր ավագ եղբայր Թուրքիայից:
Ամփոփելով կանանց մասնակցությամբ առաջնությունը` պիտի ասել, որ, սկսած 63 կիլոգրամ քաշային կարգից, ռուսները եվրոպական մրցահարթակում այնպիսի ակնհայտ գերազանցություն ունեն մյուսների նկատմամբ, որ ոսկու համար պայքարում նրանց միակ հնարավոր մրցակիցը մեր Մելինե Դալուզյանն է, այն էլ պայմանով, որ լավ մարզավիճակում լինի ու, նույն մարզական առումով, տվյալ պահի համար մի քիչ էլ ամբիցիոզ:
ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՆԳԱՐԵՑ ԱՎԵԼԻՆ ԱՆԵԼՈՒՆ
Տղամարդկանց մրցակցությունում 77 կգ քաշային կարգում` երկամարտի 348 (158+190) կգ արդյունքով աշխարհամասի չեմպիոն հռչակվեց ալբանացի Էրքանդ Ջերիմայը: Ի դեպ, առաջին անգամ ալբանական ծանրամարտի պատմության մեջ: Հետաքրքրության համար նշենք, որ այստեղ առավել հավանականը Ռազվան Մարտինի հաղթանակն էր դիտվում, սակայն ռումինացի մարզիկը կարողացավ արժանանալ ընդամենն արծաթե մեդալի (347=159+188)` այն էլ հրում վարժությունում զրո ստանալուց մի կերպ խուսափելու գնով: Երրորդը մոլդովացի Ալեքսանդրու Դուդոգլոն էր (344=158+186):
85-ում հաճելի անակնկալ մատուցեց Ռաուլի Ցիրեկիձեն, ով տասը տարվա ընդմիջումից հետո Վրաստանին առաջին անգամ բերեց եվրոպական ոսկին: Երկամարտում նրա ակտիվում գրանցվեց 365 կիլոգրամ: 359 կիլոգրամով երկրորդ ու երրորդ տեղերն իրար մեջ բաժանեցին թուրք Ֆաթիհ Բայդարն ու ռումին Գաբրիել Սինքրայանը: Վրացու պես միայն գովասանքի է արժանի թուրք մարզիկը, ով միջազգային մրցահարթակում երևացել էր սրանից մեկ էլ ինը տարի առաջ:
94 կիլոգրամ քաշային կարգում պայքարը ոչ միայն լարված, այլև չափազանց դիտարժան ստացվեց, ու դա առաջին հերթին մոլդովացի Կիրիկու Անդրեյի և լիտվացի Դիզբալիս Աուրիմասի շնորհիվ: Այստեղ խնդիրը միայն պայքարի լարվածությունը չէր, ոչ էլ մեդալներն իրարից խլելու համար մեկ-երկու կիլոգրամով մեկմեկու գերազանցելով բավարարվելը, ինչը պայքարի միանգամայն տրամաբանական զարգացումների շրջանակում է: Ո՛չ: Սա իսկական երկաթախաղ էր, պինդ տղամարդկանց արժանավայել դիմակայություն, որտեղ մեկը մյուսին ուզում էր ցույց տալ իր բացահայտ առավելությունը: Այսպես, ոսկուն տիրանալու համար Կիրիկուի 218-ից հետո Դիզբալիսին լրիվ բավարում էր 219 կգ կշռող ծանրաձողը սանձահարելը, սակայն մարզիկը «չմանրացավ» ու գրոհեց 221-ը (իհարկե, հեռանկարում նկատի ունենալով մրցակցի հնարավոր «ծանր» հակադարձումը): Լիտվացու անհաջողությունից հետո մոլդովացին կարող էր վերապատվիրել քաշը, սակայն` ո՛չ: Կիրիկուն գրոհեց 224-ը` այդպես իր առավելությունը դարձնելով ավելի բացահայտ: Երկամարտի նրա 402 կիլոգրամն ամբողջ յոթ կիլոգրամով ավելի էր մրցակցի 395-ից (180+215): Երրորդը ռուս Ասլան Բիդեևն էր` երկամարտի 382 (170+212) կիլոգրամով:
105 կգ քաշայինների մեջ մրցակցությունից դուրս էր Դավիթ Բեջանյանը: Նա հրում վարժության առաջին իսկ մոտեցումով` 220 կիլոգրամ, երկամարտում հավաքած կիլոգրամները դարձրեց 405 (185+220)` հընթացս Ռուսաստանին բերելով առաջին ոսկին (տղամարդկանց պայքարում): Մեծահասակների մեջ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած Դավիթ Բեջանյանին մրցակցային առումով այս առաջնությունում ավելիին մղող չկար, իսկ նման պայմաններում նկատելիորեն դժվար է ինքնադրսևորվելը, թեպետ օլիմպիական ուղեգրի համար հայազգի մարզիկը մրցակցում է քաշային այս կարգի երկու հզորների` աշխարհի չեմպիոն Հաջիմուրադ Ակաևի ու փոխչեմպիոն Դմիտրի Կլոկովի հետ: Իր կյանքի առաջին եվրոպական մեդալը նվաճեց նաև Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Շեյկոն` երկամարտի 401-ով (185+216) նշանավորելով սեփական ծննդյան օրը: Աշխարհամասի բրոնզը բաժին հասավ բելառուս Միխհալ Ավդեևին (395=180+215):
Գերծանր քաշային կարգում պոկում վարժությունից փոքր մեդալների արժանացած վրացի Իրակլի Թուրմանիձեից, մեր Հայկ Հակոբյանից (գյումրեցի ծանրորդը ոսկին զիջեց միայն անձնական քաշի ավելի լինելու պատճառով), հունգարացի Պետեր Նագիից և ոչ ոք չկարողացավ եղանակ ստեղծել հրում վարժությունում, ինչն ուժերի վերջնական տեղաբաշխման համար այս քաշային կարգում առանձնահատուկ կշիռ ունի: Միայն վրացին կարողացավ «պոկել» երկամարտի մեծ բրոնզը (423=195+228): Հաղթողն այստեղ Ռուսաստանը ներկայացնող Ռուսլան Ալբեգովն էր (429=191+238), արծաթե մեդալակիրը` գերմանացի Մաթիաս Շթայները (424=190+234): Քաշային այս կարգի վերաբերյալ խոսքն ավարտելուց առաջ բոլոր դեպքերում նշենք, որ փետրվարին կայացած Հայաստանի առաջնության համեմատ որոշակիորեն աճել են Հայկի արդյունքները: Եթե հրում վարժության 220-ը եղածի կրկնությունն էր, ապա պոկումի 195-ը նախորդ ցուցանիշը գերազանցում է ամբողջ ութ կիլոգրամով:
Եթե խնդիրը դիտարկում ենք օլիմպիական խաղերին նախապատրաստվելու կտրվածքով, Եվրոպայի ավարտված առաջնությունից խոսելու, իհարկե, շատ բան կա, սակայն դա թողնենք մեկ այլ պատեհ առիթի:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ